Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Պարապ նստած չեն

Պարապ նստած չեն
29.07.2016 | 09:15

Այս օրերին մոլորակի տարբեր ծեգերում եվրոպական առաջատար ֆուտբոլային ակումբները մասնակցում են Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությանը: Սա մարզաձևի սիրահարի համար ակումբային բարձրակարգ ֆուտբոլին հաղորդակից լինելու ևս մեկ շքեղ հնարավորություն է սկսվելիք ներքին առաջնություններից առաջ (ավանդույթի ուժով մեր բացառիկ ուշադրության կենտրոնում են լինելու եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները), իսկ բուն ակումբների համար՝ կազմերի պատրաստվածության, տրանսֆերային պատուհանում ձեռք բերվածների ուժերի, խաղային օղակների կապակցվածության, ֆուտբոլային տնտեսության կարևոր այլ բաղադրիչների փորձարկում-ստուգում:

Զուտ ինֆորմացիոն կարգով անդրադառնանք դրանցից մի քանիսին: Ավստրալիական Մելբուռնում սրերը խաչաձևել են իտալական «Յուվենտուսն» ու անգլիական «Տոտենհեմը», որն անցած տարի ներքին առաջնությունում «Լեստերի» հետ համառ պայքար էր մղում չեմպիոնության համար ու միայն վերջին տուրերում կրած անհաջողությունից հետո հաշտվեց փոխչեմպիոնության հետ: Հանուն «Տոտենհեմի» հետ նոր պատմության կերտման Անգլիայի ազգային հավաքականը գլխավորելուց հրաժարված երիտասարդ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի սաները չկարողացան հաղթահարել իտալական չեմպիոնի արգելքն ու խաղը տանուլ տվեցին 1:2 հաշվով:


Իսպանական «Սևիլիայից» գլխավոր մարզչի կարգավիճակով «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխված ՈՒնաի Էմերին թիմի հետ տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակն ու դարձյալ 3:1 հաշվով: Այս անգամ ֆրանսիացիներին քննություն հանձնողը Մադրիդի «Ռեալն» էր: «Արքայականի» երկրպագուի համար փոքր-ինչ անսովոր է նման հաշիվը՝ այն էլ ՊՍԺ-ի հետ դիմակայությունում, սակայն կյանքում այնքան արտասովոր բաներ են տեղի ունենում, որ սրա վրա զարմանալու ուժ չկա արդեն: Մյուս կողմից էլ աշխարհում շատ ավելի ծանրակշիռ ծանրության կետեր են տեղաշարժվում: Այնպես որ, դուր գալիս է, թե ոչ, վարժվենք նոր ռեալություններին:


Չափից ավելի գոլառատ հանդիպում արձանագրվեց Մյունխենի «Բավարիայի» ու իտալական «Միլանի» դիմակայությունում, որտեղ կողմերը փոխանակեցին երեքական գոլ, ու հաղթողին պարտադրված որոշեցին հետխաղյա տասնմեկմետրանոցներով: Առավել դիպուկ եղան իտալացիները՝ 5:3: Նկատենք, որ վերջին օրերին սա բավարացիների երկրորդ լարված հանդիպումն էր: Առաջինը, հիշում եք, «Մանչեստր Սիթիի» հետ էր ու շատ առումներով սկզբունքային էր գերմանական ֆուտբոլի առաջատարի համար, քանզի մրցում էին նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի նոր թիմի հետ:


Մարզասերը նույն այդ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում ևս մեկ հետաքրքիր մրցակցության ականատես եղավ ի դեմս անգլիական «Չելսի» ու «Լիվերպուլ» ակումբների առճակատման: Այստեղ հանդիպման ելքը որոշեց տասներորդ րոպեին լիվերպուլցիների դարպասը Գարի Կեյհիլի խփած գնդակը՝ փառավորելով ակումբի նորանշանակ մարզիչ Անտոնիո Կոնտեի սիրտը: Սակայն եկեք այս հաղթանակից շատ հեռուն գնացող հետևություններ չանենք, որովհետև Անգլիայի սկսվելիք առաջնությունում չեմպիոնության համար դաժանագույն պայքար է սպասվում առնվազն հինգ թիմերի միջև, եթե մանչեստրյան երկու թիմերի, «Չելսիի», «Արսենալի», «Տոտենհեմի» կողքին բացառենք կլոպյան «Լիվերպուլին» ու երկրի գործող չեմպիոն «Լեստերին», որն իր մարզիչ, ֆուտբոլային ծեր գայլ Ռանիերիի հետ ձերբազատված է ամեն կարգի պարտավորություններից ու նաև այդ պատճառով կարող է հերթական անակնկալը մատուցել, թեպետ այս մրցաշրջանում դա անելը չափազանց բարդ է լինելու, քանզի նոր ու ամբիցիոզ մարզիչներով, նույնքան նոր ու ամբիցիոզ ֆուտբոլիստներով համալրված մանչեստրյան ակումբներն ու «Չելսին» ոչ ուժ, ոչ եռանդ, ոչ էլ արյուն են խնայելու գլխավոր նպատակին հասնելու համար: Ի դեպ, այդ ո՞վ ասաց, որ նույնը չի անելու «Արսենալը», որն այս տարի քսաներորդ անգամ է երկրի առաջնությանը մասնակցելու Արսեն Վենգերի ղեկավարությամբ: Նկատենք, որ, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանը մարզչի համար կլինի աշխատանքային վերջին տարին ակումբում: «Զինագործների» ընտրությունն արդեն իսկ կանգ է առել «Բոռնմուտի» գլխավոր մարզիչ Էնդի Հաուի վրա, ով պատմության մեջ եղավ այս ակումբն առաջին անգամ Անգլիայի պրեմիեր լիգա հանած մարզիչը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ